Հասարակություն

Դանակահարություն Մոլդովական փողոցում

Հուլիսի 7-ի գիշերը, ժամը 1.23-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել մայրաքաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ:

Բաժնի քրեական հետախույզներն անցել են բացահայտման միջոցառումներին՝ համագործակցելով անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ու Ավանի բաժանմունքների ծառայողների հետ: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գիշերվա ժամը 1։00-ին մոտ Մոլդովական փողոցում տուժածի հետ վիճաբանել էին նույն փողոցի բնակիչ, 23 և 29 տարեկան երկու երիտասարդներ, այդ ընթացքում էլ կրտսերը դանակով խփել էր Եղբայրության փողոցի 31-ամյա բնակչին:

Առավոտյան ժամը 11։00-ին երիտասարդները հայտնաբերվել են իրենց փողոցում, բերման ենթարկվել, ձերբակալվել ու ներկայացվել տարածքային քննչական բաժին: Դանակահարողը տվել է խոստովանական ցուցմունք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: