Հասարակություն

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում

Հուլիսի 11-ին բժշկական դիմակներով դիմակավորված, ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ.Փափազյան փողոցի 13ա հասցեում գործող օֆիսներից մեկում ավազակային  հարձակում է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, պարեկները սահմանազատել են տարածքը: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ:

Նշվում է, որ 4 հոգի բժշկական դիմակներով, դեմքները փակած, ատրճանակի նմանվող առարկայով մտել են նշված հասցեում օտարերկրացիների կողմից գործող ինտերնետային դիզայնով զբաղվող օֆիս և զենքի սպառնալիքի տակ պահանջել գումար, այնուհետև այնտեղից հափշտակել են մի քանի հարյուր  դոլար, բջջային հեռախոսներ, ապա դիմել փախուստի:

Օֆիսի կողքից՝ մի քանի մետր հեռավորության վրա, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակի նմանվող առարկա, որը քննիչն առգրավվել է: Ոստիկաններն ու քննիչներն արդեն որոշ մանրամասներ պարզել են: