Հասարակություն

«Ծառուկյան» հիմնադրամը Քրիստոսի արձանի վերաբերյալ նոր հայտարարություն է տարածել

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հատիս լեռան վրա Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությանը։

«Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար: Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն»:

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում՝ մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը։