ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե ընդդիմությունը խորհրդարան կվերդառնա բացառապես իր օրակարգով:
Այսօրվա ասուլիսի ժամանակ նա նշել է. «Խորհրդարան կվերադառնանք բացառապես մեր օրակարգով: Դա կլինի պաշտոնանկության գործընթաց կամ կլինի խորհրդարան մեր տարած գործընթացը, ինչպես արել էինք հունիսի 3-ին: Այլ պարագայում մենք չենք պատկերացնում մեր գործունեությունը խորհրդարանում: Մեր ընտրողների ցանկությունն այն չէ, որ գնանք խորհրդարան, զբաղվենք երկրորդական գործերով»։
Պատասխանելով մանդատներից հրաժարվելու մասին հարցին՝ Սաղաթելյանն ասաց, որ ամենահեշտ ճանապարհը մանդատներից հրաժարվելն է. «Այդ մանդատները մեզ համար կարևոր չեն: Դրանք ծառայելու են մեր ժողովրդին: Եթե կգա մի պահ, որ դրանից հրաժարվելու պահանջ տեսնենք, մենք կքննարկենք, բայց դրանցից հրաժարվելով՝ որևէ արդյունավետություն շարժումը չի ունենալու»։