Հասարակություն

Արձանի շրջակայքում ոչինչ այլ բան չի կառուցվելու, արձանից ներքև լինելու են քոթեջներ, կաֆեներ, հյուրանոցներ. Գագիկ Ծառուկյան

Այսօր Հատիս լեռան գագաթին շրջայց են կատարել ՀՀ Էկոնոիմիկայի նախարար Վահան Քերոբյանը, գործարար Գագիկ Ծառուկյանը և հատուկ հյուր ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին։ 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով` Հատիս լեռան գագաթին 33 մետր բարձրությամբ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը շռնդալից և մեծ մասշտաբի, գուցե ամենամեծ զբոսաշրջային նախագիծն է. «Ինչպես այլ ներդրումների պարագայում, պատրաստ ենք ամեն ինչ անել, որ նախագիծը հնարավորինս արագ և առանց խոչընդոտների իրականություն դառնա»․,- ասաց նախարարը։

ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին էլ հույս հայտնեց, որ երեք տարի անց այդ գեղեցիկ վայրում արձանի բացմանը ինքը ներկա կգտնվի։ «Այս տարածաշրջանում մի շարք աշխատատեղեր կբացվեն և մենք այստեղ ենք պարզապես աջակցելու, սատարելու, լավագույնը մաղթելու համար։ Արձանը շատ գեղեցիկ է, շատ տարբեր, ինքնատիպ»,- նման կարծիք հայտնեց Զուրաբ Պոլոլիկաշվիլին։

Հյուրերին ուղեցկող գործարար Գագիկ Ծառուկյանն էլ շրջայից հետո լրագրողների հետ զրույցում հատուկ անդրադարձավ տեղանքի ընտրությանը։ Ըստ նրա, բազմաթիվ վայրեր են եղել քննարկման առարկա, սակայն ընտրվել է Հատիսը, քանի որ այն ունի գեղեցիկ տեսարան և տեղադրվող արձանը տեսանելի կլինի տարբեր հատվածներից։ 

«Ցանկացանք այնպիսի տեղ կառուցել, որ Հայաստանի որ անկյունից էլ նայես՝ երևա, ինչպես Բրազիլիայում է»- ասում է Ծառուկյանը և մանրամասնում, որ վերևի մասում՝ արձանի շրջակայքում, ոչինչ այլ բան չի կառուցվելու, արձանից ներքև լինելու են քոթեջներ, կաֆեներ, հյուրանոցներ: