Հասարակություն

Հայաստանում Նիդերլանդների դեսպանատունը գործարարության օրեր է անցկացրել

Առաջին անգամ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան նախաձեռնությամբ տեղի են ունեցել երկու երկրների գործարար համայնքների մերձեցմանն ուղղված գործարարության օրեր։ Այդ մասին հայտնում են Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունից:

«Նիդերլանդական-հայկական գործարարության օրեր-2022» երկօրյա միջոցառման ընթացքում քննարկվել են նիդերլանդա-հայկական գործարար շրջանակների փոխշահավետ համագործակցության հեռանկարները, ներկայացվել շինարարության, գյուղատնտեսության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հնարավորությունները, առկա խնդիրները և առաջարկվող խելացի լուծումները, հնարավոր ֆինանսավորման մեխանիզմները, նիդերլանդական ներդրումների ներգրավման համար հայկական շուկայի գրավչությունը:

«Նիդերլանդների ու Հայաստանի տնտեսական համագործակցության պոտենցիալը, միանշանակ, առկա է, ու մենք, դեսպանատան գործունեության երկու տարիների ընթացքում տեսնում էինք նման միջոցառման անհրաժեշտությունը։ Հուսով ենք՝ առաջիկայում համագործակցության ավելի բարձր մակարդակ տեսնել թե՛ մեր կողմից առանձնացված, թե մյուս ոլորտներում»,- նշել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։