Հասարակություն

ՀՀ քաղաքացին մահացել է Մոսկվայի մարզում տան շինարարության ժամանակ

Մոսկվայի մարզի Ռամենսկի թաղամասի «Սաննի Բիչ» ավանում կառուցվող տան փլուզման հետևանքով ՀՀ քաղաքացի է մահացել, որը տեղում զբաղվել է շինարարությամբ։

Ինչպես գրում է МК.ru լրատվականը, բժիշկներին չի հաջողվել շտապ առաջին օգնություն ցուցաբերել, քանի որ ստիպված են եղել սպասել փրկարարներին։ 

Կառուցվող տունը, որտեղ աշխատում էին երկու շինարար, դեռ կիսակառույց է եղել՝ բարձրացված են եղել միայն պատերն ու բետոնե սալերի միջնահատակները: Երկու աշխատողներն էլ եղել են առաջին հարկում, երբ տանիքը փլվել է, սակայն նրանցից մեկը կարողացել է հետ ցատկել, իսկ մյուսը չի հասցրել և մնացել է բետոնե սալի տակ:

Միջադեպի ականատեսները զանգել են շտապօգնությունը, որը արագ ժամանել է, սակայն բժիշկները սպասել է փրկարարների ժամանելուն, որպեսզի կարողանան հասնել տղամարդուն: Երբ փրկարարները բարձրացրել են փլատակները, պարզվել է, որ տղամարդն արդեն մահացած է:

Ենթադրվում է, որ փլուզման պատճառ են դարձել հորդառատ անձրևները:

Տղամարդու մահվան դեպքի առթիվ Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունում հետաքննություն է անցկացվում։