Բեռլինում՝ Բունդեսրաթում, տեղի է ունեցել Խորհրդարանական փաստաթղթերի և հետազոտությունների եվրոպական կենտրոնի (European Centre for Parliamentary Research and Documentation (ECPRD)) կազմակերպած՝ «Խորհրդարանների բյուջետային ինքնիշխանությունը» խորագրով աշխատաժողովը:
Քննարկվել են խորհրդարանների՝ իրենց խնդիրներն արդյունավետ լուծելու համար խորհրդարանական բյուջեների միջոցով համապատասխան ֆինանսական ռեսուրսներ ունենալու անհրաժեշտությանն առնչվող հարցեր: Մասնակիցները վերլուծել են, թե որքանով կարող են օրենսդիր մարմիններն ազդել սեփական բյուջեների նախագծման և ընդունման վրա, պարզել, թե ինչպես են վերջիններս օգտվում բյուջետային ինքնավարությունից:
Գործնականում կիրառված օրինակների ներկայացման և փոքր խմբերում մտքերի փոխանակման միջոցով քննարկվել են օրենսդիր մարմինների բյուջեների միջոցով խորհրդարանական խմբերի և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմանը, դատարանների, վերստուգիչ հանձնաժողովների ու գրասենյակների կողմից խորհրդարանների բյուջեների վերահսկողությանը վերաբերող հարցեր:
Աշխատաժողովին մասնակցել են 40 երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացրել է Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ Անի Գյոզալյանը: Վերջինս ելույթ է ունեցել «Քաղաքական կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ֆինանսավորումը ՀՀ-ում» թեմայի շրջանակում:
Զեկույցը մեծ հետաքրքրության է արժանացել, քանի որ մասնակիցների մեծամասնությունը նշել է, որ նման կարգավորում իրենց երկրներում առկա չէ: Մասնակիցները թեման բովանդակալից և համակողմանի քննարկել են, հարցուպատասխանի ձեւաչափով անդրադարձել բազմաթիվ հարցերի:
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մասնակցությունն աշխատաժողովին իրականացվել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից: