Հասարակություն

Նուբար Աֆեյանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

Այսօր մեր Համալսարանի պատմության նշանակալի և պատվաբեր օրերից մեկն է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Հավատարիմ մնալով ձևավորված գեղեցիկ ավանդույթին՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը միաձայն որոշել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհել հայազգի գիտնական, դասախոս, գործարար ու բարերար Նուբար Աֆեյանին:

«Պարոն Աֆեյանը հիմնել ու աջակցել է կենսագիտական ու տեխնոլոգիական ավելի քան 60 ընկերությունների ստեղծմանը։ Նա կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում պատվաստանյութեր արտադրող նորարարական առաջատար ընկերության՝ «Մոդերնա»-ի համահիմնադիրն ու նախագահն է, մի շարք մասնավոր ու պետական ընկերությունների խորհուրդների անդամ։

Պարոն Աֆեյանը բազմիցս հանդես է եկել մարդասիրական նախաձեռնություններով, արժանացել է պետական պարգևների և մրցանակների։ Նա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է, որը ներառում և օժանդակում է նախագծեր, որոնք նպատակ ունեն բարձրացնելու հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ և ձեռնարկելու քայլեր դրանց լուծման ուղղությամբ։

Պարոն Աֆեյանի կենսագրությունն ու գործունեությունը հայրենասիրության, պատասխանատվության, արհեստավարժության, գործի նկատմամբ ունեցած մեծ սիրո, նվիրումի, ազնիվ ձգտումների և մարդկային բարձր որակների վառ օրինակ են։ Ես վստահ եմ, որ պետության կողմից գիտության նկատմամբ ուշադրությունը, ոլորտի ֆինանսավորման նշանակալի ավելացման կառավարության որոշումը, բարենպաստ միջավայրի ստեղծումը և իհարկե պարոն Աֆեյանի պես հայազգի գիտնականների վառ կերպարները կոգեշնչեն մեր երիտասարդներին՝ զբաղվելու գիտությամբ և իրենց ուրույն խոսքն ասելու այս ոլորտում։

Պարո՛ն Աֆեյան, բարի գալուստ Երևանի պետական համալսարան: Շնորհավորում եմ Ձեզ այս նոր կոչումի կապակցությամբ և ուզում եմ հույս հայտնել, որ Ձեր անառարկելի հեղինակությունը, գիտելիքներն ու հարուստ փորձն այսուհետ կծառայեցնեք նաև Համալսարանի զարգացմանն ու առաջընթացին»։