Հասարակություն

Գյուղատնտեսության ոլորտին լրացուցիչ գումար կհատկացվի

Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերի շրջանակում ծագած պարտավորությունների կատարման, ինչպես նաև շարունակականության ապահովման համար՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Ըստ այդմ՝ առաջարկվում է մի շարք միջոցառումներիի իրականացման համար լրացուցիչ հատկացնել 5,951,599.3 հազ. դրամ, որից՝ 230,900.0 հազ. դրամը պաշտոնական դրամաշնորհներից ստացվող եկամուտներից, 5,714,069.3 հազ. դրամը՝ պահուստային ֆոնդի միջոցներից: Մասնավորապես, Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի 2022 թ. հաստատված բյուջեն կազմում է 9.8 մլրդ դրամ, որից սույն թվականի հունիսի 1-ի դրությամբ վճարվել է 5 մլրդ դրամը, մնացորդը կազմում է 4.8 մլրդ դրամ։

Ծագած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ֆինանսավորումը, ըստ հաշվարկների, կկազմի 12.3 մլրդ դրամ, այսինքն՝ լրացուցիչ անհրաժեշտ է 2.5 մլրդ դրամ։ Ընդ որում՝ ծրագրի 2022 թվականի բյուջետային հայտը ներակայացվել է շուրջ 12.0 մլրդ դրամի պահանջարկով, սակայն հաստատվել է 9.8 մլրդ դրամը` պայմանով, որ ավել ֆինանսավորում կտրամադրվի միայն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության դեպքում։

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի 2022 թ. հաստատված բյուջեն կազմում է 307.9 մլն դրամ, որից փաստացի հատկացվել է 183.5 մլն դրամը, մնացորդը կազմում է 124.4 մլն դրամ։ Սույն թվականի մարտի 31-ի դրությամբ սուբսիդավորման գումարի հայտը կազմել է 438.8 մլն դրամ, այսինքն՝ պարտավորությունը կկազմի 255.3 մլն դրամ։ Բացի այդ ապահովագրական ընկերությունների կողմից կանխատեսվում է ևս 100.0 մլն դրամի սուբսիդավորման հայտ, այսինքն ծրագրի շրջանակում պահանջվող լրացուցիչ ֆինանսավորումը կկազմի՝ 230.9 մլն դրամ։ Ծրագրի 2022 թվականի ֆինանսավորման հայտը ներկայացվել է 721.9 մլն դրամի պահանջարկով, սակայն հաստատվել է 307.9 մլն դրամը։