Հասարակություն

Տարկետման ինստիտուտը վերադարձնում են բուհական համակարգ

Կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե, ըստ էության, այս նախագծով տարկետման ինստիտուտը վերադարձնում են բուհական համակարգ: Փաշինյանի մեկնաբանմամբ, այդ որոշումը կայացնում են՝ կառավարության համար թողնելով հասցեականության որոշակի հայեցողություն. «Այսինքն՝ մենք ոչ թե ասելու ենք, որ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ ազատվում է բանակից կամ տարկետում է ստանում, այլ՝ ամեն տարվա համար մենք որոշակի հասցեական բուհերի, մասնագիտությունների կտանք տարկետման հնարավորություն ունեցող տեղեր՝ կախված կառավարության ծրագրից ու գործունեության առաջնահերթություններից»։

Փաշինյանն այս թեմայի համատեքստում անդրադարձավ նաև ընդունելության քննություններին՝ ասաց, թե Հայաստանում ընդունելության քննություններն անաղմուկ են անցնում ու դրա պատճառներից մեկն այն է, որ տարկետման ինստիտուտը չկա. «Մենք նախորդ շրջանի փորձից գիտենք, որ շատերը բուհ ընդունվում են ոչ թե կրթության նկատառումներով, այլ՝ տարկետման իրավունքից օգտվելու նկատառումներով»: