ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
Նրա խոսքով. «Նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով հստակ ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները, ի դեմս ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ՀՀ տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն հայտարարելու, պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին ԱԺ-ին առաջարկություն ներկայացնելու, ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաև ԶՈՒ գործունեությունն ապահովող ուղղություններով որոշումների ընդունման»։
Ըստ Պապիկյանի՝ «Խմբագրվում և հստակեցվում են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ու Պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը՝ այդ առումով ԶՈՒ ապահովումների գործընթացում Պաշտպանության նախարարությանը վերապահելով բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը: ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե նախատեսվում է որպես Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ համապատասխան առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում»:
Նախարարը նաև նշեց, թե առաջարկության նպատակն է բարձրացնել ղեկավարման արդյունավետությունը: Աշխարհազորի համակարգի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի փոխարեն աշխարհազորի անմիջական ղեկավարման գործառույթը վերապահվում է ԶՈՒ գլխավոր շտաբի տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարությանը: