Հասարակություն

Ժողովուրդը պետք է որոշի՝ ով է ժողովրդական արտիստ. նախարարը՝ նոր նախագծի մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես է եկել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, համաձայն որի՝ նախատեսվում է չեղարկել ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումները։

Այս նոր նախաձեռնության մասին Radar Armenia-ն զրուցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ։

- Պարոն Դումանյան, այս նոր նախագիծը բավական էմոցիոնալ շրջանակների է առնչվում, և արդեն իսկ տարատեսակ կարծիքներ կան փոփոխությունների վերաբերյալ․ ի՞նչ եք կարծում՝ նոր նախագծով արդյո՞ք պետությունը չի նեղացնի արդեն իսկ կոչումներ ստացած մարդկանց։

- Հարցը հանրային քննարկում է անցնում, տարբեր կարծիքներ կան, բայց նախարարությունը չպետք է առանջորդվի «կնեղանա՞ն, թե՞ չեն նեղանա» հասկացություններով։ Դա սուբյեկտիվ և էմոցիոնալ դաշտից է, իսկ պետական լիազոր մարմինը էմոցիաների չպետք է տրվի։ Մեր խորին համոզմամբ՝ այդ ամենը կհանդարտեցնի այն մթնոլորտը, որի պատճառով անհանգիստ են ժողովրդականի կոչում ստանալու արդարացի ցանկությամբ։ Սակայն ինքնին գաղափարի հիմքն անհասկանալի է, չկան հստակ չափորոշիչներ, և ոչ թե պետական մարմինը պետք է որոշի՝ ով է ժողովրդական, ով՝ ոչ, այլ՝ ժողովուրդը։ 

- Անցումը նոր կարգին, նախկինում կոչում ստացած մարդկանց կարգավիճակն ինչպիսի՞ն է լինելու։

- Կմնա այնպիսին, ինչպիսին եղել է։ Հետադարձ ուժի մասին չենք խոսում։ Ինչ ունենք, ունենք, մենք այժմ ուզում ենք շարժվել ավելի հանգիստ և ստեղծագործ պայմաններում։ 

- Ինչ եք կարծում՝ առողջ մրցակցություն կձևավորվի՞։

- Արվեստի գործիչներն իրենք իրենց պետք է որոշեն, թե ով է ժողովրդական, ով՝ պակաս ժողովրդական, այդ գնահատականն իրենք իրենց պետք է տան, ոչ թե՝ չինովնիկը կամ մի խումբ մարդիկ։ Չեն կարող մի խումբ մարդիկ որոշեն՝ ով է ժողովրդական արտիստ, քանի որ ժողովրդական բառի իմաստը շատ խորն է, ծավալուն, և հենց բառն, ինքը, ասում է, որ դա ժողովուրդը պետք է որոշի։

- Բայց կարծես թե ժողովրդի կարծիքն արտահայտելու որևէ սահմանված մեխանիզմ չկա։

- Ոնց չկա, այն էլ ոնց կա։

Նկատենք նաև, որ հանրային քննարկման է ներկայացվել  նաև «Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծ։ Այդ որոշման ընդունմամբ կներդրվի և կկիրառվի հանրապետության տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող, ՀՀ զարգացման գործում ներդրած ավանդի գնահատման ու պարգևատրման ևս մեկ համակարգ: