««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթով կարգավորվում են «ակցիա» հասկացությունը և դրա տեսակները, «զեղչ» հասկացությունը և դրա կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը: Կարգավորվում են ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներին ներկայացվող պահանջները և կիրառման պայմանները, ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները, մասնավորապես, ակցիայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և դրա դադարեցման պայմանները:
Սահմանվում են օրենքին հակասող ակցիա իրականացնելու համար նախատեսվող իրավական հետևանքները, հարկային օրենսդրության իմաստով «զեղչի» բովանդակությունը: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր ակցիայի կիրառման համար, որոնք կնպաստեն արդար առեւտրի իրականացմանը, այդ թվում՝ մրցակցային միջավայրի բարելավմանը և սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը: «Սա կարևոր նախաձեռնություն է՝ սպառող և տնտեսվարող սուբյեկտների միջև վստահության բարձր մակարդակ սահմանելու և ՀՀ-ում բազմաթիվ զեղչերի, ակցիաների հանդեպ իրական հավատը վերականգնելու համար»,- ընդգծել է հիմնական զեկուցող, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Փաթեթին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի՝ հուլիսի 6-ին գումարված արտահերթ նստաշրջանում: