Հասարակություն

Երևանում բացվել է դուդուկի արքայի՝ Ջիվան Գասպարյանի կիսանդրին

Հուլիսի 6-ին՝ ժամը 12:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցավ դուդուկի անզուգական վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը:  

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը, անվանի արվեստագետներ և Վարպետի արվեստի երկրպագուներ:

«Մեր վարպետը, մեր մաեստրոն դուդուկի մեղեդին բարձրացրեց այն մակարդակին, որ այսօր մենք՝ բոլորս հպարտությամբ աշխարհի բոլոր անկյուններում ասում ենք, որ դա մեր դուդուկն է։ Արժանի վաստակով վարպետը, կարծում եմ, ժողովրդի կողմից արժանացավ դուդուկի արքա տիտղոսին»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ նախարարությունը ծրագրում է հաջորդ տարի կազմակերպել դուդուկահարների միջազգային փառատոն՝ «Ջիվան Գասպարյան» խորագրի ներքո. «Կարծոււմ եմ՝ փառատոնը շատ կարևոր և շատ բարձր գնահատական կլինի մեր վարպետի նվաճումների և իր ստեղծագործական ժառանգության պահպանման համար»,- ասաց Դումանյանը։