Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։
Ըստ այդմ, ԱՊՊԱ պայմանագիր չկնքած անձին տրվում է հնարավորություն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում ազատվել նշանակված տուգանքի 75 տոկոսից:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այս կապակցությամբ մանրամասնել է. «Առավելագույն 100 000 դրամի փոխարեն քաղաքացիները կտուգանվեն 50 000 դրամով այն դեպքում, երբ չունեն ԱՊՊԱ պայմանագիր, չեն վարել տրանսպորտային միջոցը:
Ներկայում այս կարգավորումներով ՃՈ-ն տարվա մեջ 20 անգամ կարող է 5000-ական դրամի չափով տուգանք սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն տրանսպորտային միջոց, սակայն չեն կնքել ԱՊՊԱ պայմանագիր:
Հիմա նվազեցրել ենք իրավախախտումների վերաբերյալ որոշումներ կայացնելու քանակը և սահմանել ենք տարեկան 10 անգամից ոչ ավելի՝ ընդհանուր չգերազանցելով 50 հազար դրամը: Միջին ապահովագրությունը Հայաստանում 35-40 հազար դրամ է, հետևաբար տրամաբանական չէ անձին 100 հազար դրամով տուգանելը»։