Հուլիսի 5-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, կատարելով հսկայածավալ աշխատանքներ՝ Կոտայքի մարզում հայտնաբերել են Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողային հատվածներում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայր, որպեսզի դատարանը խուզարկության թույտվություն տա՝ ոստիկանների և քննիչների կողմից Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի ավտոտնակում կասկածելի Range Rover-ը հայտնաբերելու համար:
Դատարանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անելուց հետո, խորհրդակցական սենյակից վերադարձել և որոշել է բավարարել միջնորդությունը: Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետների հետ նշված ավտոտնակում հայտնաբերել են Range Rover-ը, որը ընթերականների ներկայությամբ քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ավտոքարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենայի վրա կրակոցներն արձակվել են երեկ՝ հուլիսի 4-ին, Գագարին ավանի սկզբնամասում: Փաստի թռիվ Ա. Մխեյանի կողմից հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր-ի հրազենի գործադրմամբ կատարված խուլիգանություն և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին կրակոցներ էին հնչել Գեղարքունիքի մարզում: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին «Կալաշնիկով» ավտոմատից կրակված 25-ից ավելի պարկուճ: