Հասարակություն

Ծնողը կազատազրկվի, եթե չդաստիարակի կամ խնամքի պարտականությունը չկատարի երեխայի նկատմամբ

Սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական օրենսգիրքը որոշակի կարգավորում է սահմանում երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին։

RadarArmenia-ն, հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով, մեջբերում է ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 247-ը։
Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

1. Ծնողի, այլ օրինական ներկայացուցչի կամ այլ անձի կողմից, որի վրա երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություն է դրված, այդ պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը հանգեցրել է երեխայի առողջության վատթարացման`

պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով կամ

2) անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք`

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով: