Հունիսի 29-ի երեկոյան բուժհաստատությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել. Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցից կրծքավանդակի ծակած-կտրած վերքով 67-ամյա մի տղամարդու էին տեղափոխել հիվանդանոց: Հաղորդումն ստանալուն պես օպերատիվ խմբեր էին մեկնել և՛ հիվանդանոց, և՛ Բաղրամյան փողոց:
Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզները բազմաբնույթ միջոցառումներ էին ձեռնարկել: Արագ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում շուտով տեղեկություններ էին ստացվել, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել էր 28-ամյա հարևանը:
Ժամը 19.30-ի սահմաններում կասկածվողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածը ոստիկանությունից ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։
Դանակը հայտնաբերվել է: Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: