Հասարակություն

Տնտեսվարողներն անկանխիկ համակարգի անցնելիս խնդիրների են բախվում

Այս տարվա  հուլիսի 1-ից Հայաստանում տարածքում օրենքով սահմանված՝ 300 հազար դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով:

ԿԲ-ից մանրամասնել են, որ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող առևտրային բանկերից երկուսը, մասնավորապես՝ «Ակբա բանկ»-ն ու «Ամերիաբանկ»-ը հանձն են առել՝ իրականացնել համապատասխան մեծածավալ ներդրումներ և աշխատանքներ՝ շահառուների մոտ ՀԴՄ սարքերի միջոցով անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացման նպատակով։

ԿԲ-ից մանրամասնեցին, որ տնտեսվարողները ՀԴՄ սարքեր կարող են ձեռք բերել ցանկացած բանկից, սակայն անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացումը իրականացնում են նշված բանկերը։

Radar Armenia-ի հետ զրույցում «Ինեկոբանկ»-ից հայտնեցին՝ անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացումը իրենք ևս իրականացնում են։ Ըստ այդմ, «Ինեկոբանկ» կարող են POS տերմինալների և՛ տեղադրման, և՛ ակտիվացման հայտ ներկայացնել։ 

«Կոնվերս բանկ»-ից տեղեկացրին, որ իրենք ևս այդ համակարգի ակտիվացումն իրականացնում են, սակայն ներկա պահին չեն կարող, որովհետև սպասում են որոշմանը՝ կարո՞ղ են արդյոք ակտիվացման հայտ ընդունել։

«ՀայԷկոնոմբանկ»-ում ևս անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի ակտիվացում է իրականացվում։ 

Ըստ էության՝ Հայաստանում գործող բոլոր բանկերը կարող են ձեռք բերել անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգն ակտիվացնելու լիցենզիա։ Այլ հարց է, որ, ըստ համացանցում տարածվող տեղեկությունների և առանձին գործարարների, մի շարք բանկեր հրաժարվում են համակարգը ներդնել կամ բավական բարձր վճարներ են պահանջում դրա դիմաց։ Մարդիկ բողոքում են հատկապես այն պատճառով, որ օրենքն ուժի մեջ է մտնելու վաղը, մինչդեռ տնտեսվարողները, անկախ իրենց կամքից, փաստացի ի վիճակի չեն կատարել դրա պահանջը։ 

Կենտրոնական բանկից հայտնեցին, որ առաջիկայում ստեղծված իրավիճակի հետ կապված պաշտոնական հայտարարություն է լինելու։