Վրաստանից վստահեցնում են՝ Լարսը բաց է։ Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
ՏԿԵՆ մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քիչ առաջ են կապվել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ. «Հավաստիացնում են, որ ճանապարհը բաց է։ Ռուսական կողմում փոքր խնդիր կա, որովհետև կուտակումները շատ են։ Կարծես բաց են թողնում միայն անցակետում կուտակված մեքենաները»։ Ըստ խոսնակի՝ պրոցեսը դանդաղ է առաջ գնում։
Իսկ թե հայկական քանի բեռնատար է այս պահին կանգնած, Հարությունյանը հայտնեց՝ պատկերն առանձնապես չի փոխվել։ Համաձայն երեկվա տվյալների՝ վրացական կողմում կանգնած է շուրջ 200-250 հայկական բեռնատար, ռուսական կողմում՝ մոտ 700։
Հիշեցնենք՝ երկու օր առաջ վնասվել էր Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի վրա գտնվող չեզոք հատվածը: Վնասվել էր ճանապարհի 80 մետրանոց հատված: Վրաստանի Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտն արդեն ձեռնամուխ Է եղել վերականգնողական աշխատանքներին: