Լաչինի միջանցքի անխափան աշխատանքի ապահովումը ռուս խաղաղապահների պատասխանատվությունն է։ Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Բարձրագույն մակարդակով ստացել ենք հավաստիացումներ, որ այդպես էլ կլինի»։
Անդրադառնալով Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարությանը, վարչապետը նշեց, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում, այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Բերձորի բնակիչների խնդիրները կառավարության որոշումներով լուծում ենք։ Բնակիչները, բնականաբար, պիտի ապահովվեն բնակարանով։ Լաչինում այսօր մարդիկ ընտանիքներով չեն ապրում։ Ինչ վերաբերվում է Աղավնոյին, Աղավնո գյուղի բնակիչների խնդիրներն Արցախի կառավարության միջոցներով միգուցե լուծվեն»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ նախատեսվում է, որ երեք տարվա ընթացքում պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ Բերձորի միջանցքի երթուղու փոփոխություն։
«Մենք այս ընթացքում քննարկումների մեջ եղել ենք, և երթուղու փոփոխության հարցում քննարկումներ եղել են։ Նախնական համաձայնություններ ձեռք են բերվել, և այդ փոփոխության նպատակը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար ավելի հուսալի, ամուր կապ և ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելն է, ու այդտեղ մեր հիմնական աշխատանքային քննարկումները ռուսաստանցի մեր գործընկերների հետ են, որովհետև միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»,-ասսել է վարչապետը՝ հավելելով, որ երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն սահմանեն այդ նոր երթուղու նկատմամբ։