ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե այս պահին պատերազմի վտանգ չկա, նշանակում է, որ այդ պահին սահմանին կուտակումներ չկան, բայց դրանք կարող են առաջանալ ժամերի, օրերի, շաբաթների, ամիսների ընթացքում: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ ԼՂ հարցի կարգավորման շուրջ բանակցվող փաստաթուղթը, այն ստորագրելու պարագայում, ԼՂ հարցը չէր լուծում, այդ հարցը լուծվելու էր հետագա բանակցությունների ընթացքում. այդտեղ որոշակի շրջանակներ էին արձանագրվում, և դրա շուրջ ՀՀ և Ադրբեջանի մեկնաբանությունները միմյանցից տրամաբանորեն տարբեր էին:
«Հանրությանը դրանում համոզելու համար ինքս պետք է համոզված լինեի, որ դա ճիշտ ճանապարհ է: Ես դրանում համոզված չէի, որովհետև դա նշանակում էր` ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս: Պիտի գայի, ասեի` գիտեք, ժողովուրդ, վերջին 20 տարին անիմաստ ժամավաճառությամբ ենք զբաղվել, որովհետև այն, ինչ առաջարկվում էր 97-98 թթ., այսօր առավելագույնը, որ կարող ենք ունենալ, գուցե այն առաջարկածից վատ է: Այդ բանակցության մանրամասները հրապարակելուց հետո ով է երաշխավորում, որ բանակցությունները չէին դադարելու, ու պատերազմ չէր սկսվելու, կամ միջազգային հանրությունը չէր դատապարտելու Հայաստանին` աշխատանքային բովանդակությունը սփռելու և պոպուլիստական ձևով շահարկելու համար, և երբ պատերազմ տեղի ունենար, ու այս նույն հետևանքը լիներ, այն ժամանակ ավելի ուղիղ պիտի մեղադրեին` չհաշվարկված ու ոչ խելամիտ հայտարարություններով պատերազմ հրահրեցիր:
Ես պիտի ասեի` այն բանակցային գործընթացը, որ ստացել եմ, ռումբ է` դրված ՀՀ պետականության և ինքնիշխանության տակ, պիտի դա ասեի, ու ամենատարբեր կողմերից հակառակն ապացուցեին, պիտի ասեին` հեղափոխություն կազմակերպեցիք, որ ԼՂ անկախության հարցը ձախողեիք»,- ասել է նա:
Փաշինյանը տեղեկացրել է` ՀՀ 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության համար. մեր կոորդինատ բերողը, պարզվել է, ադրբեջանական գործակալ է ու սխալ կոորդինատ է տալիս, սա հայրենիքի դավաճանություն անող է:
«Հոտնկայս բանակի կենացը խմել ենք, բայց տեսեք՝ ինչ է կատարվում: Հիմա քրեական գործեր մեկը մյուսի հետևից, այդ քրեական գործերի մանրամասները հանրությունը չգիտի և շատ դեպքերում չի էլ իմանա, որովհետև գաղտնի տեղեկություններ կան: Քրեական գործի շրջանակներում գործընկերներ կան, ովքեր ասում են, որ դռնփակ նիստեր են անում, լրատվամիջոցներին չի ուզում կառավարությունը, որ չբացահայտվի: Ի՞ նչը պետք է բացահայտվի, բան կա՞, որ պետք է բացահայտվի: Հասկանո՞ւմ եք՝ 50-ից ավելի զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ: Հասկանո՞ւմ ենք, սա ի՞ նչ է: Երբ մեր կոորդինատ գրողը պարզվել է, որ ադրբեջանական գործակալ է և սխալ կոորդինատ է տալիս: Սա հայրենիքի դավաճանություն անողն է»