Հասարակություն

«Առավելապես ինձ տեսնում եմ ՍԴ դատավորի պաշտոնում». Արտակ Զեյնալյան

«Հայաստանում, իմ սուբյեկտիվ ընկալմամբ արդար դատաքննության իրավունքը և արտադատարանական կարգով իրավական պաշտպանության միջոցի իրավունքը բավարար չափով ապահովված և պաշտպանված չէ»: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը:

Նա ասել է, որ իրեն հավասարապես տեսնում է ինչպես Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում, այնպես էլ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում. «Չեմ դառնա խոչընդոտ այն դատավորների համար, որոնք ինձ հետ նույն ցուցակում եմ: Այսինքն՝ ես կոչ արեցի, որ ինձ չդիտարկեն և իմ օգտին չքվեարկեն»:

Դիտարկմանը, որ այսինքն դուք ձևակա՞ն եք առաջադրվել՝ մրցակցություն ապահովելու համար, Զեյնալյանն արձագանքել է. «Ես առաջադրվել եմ հավասարապես երկուսում էլ: Առավելապես ինձ տեսնում եմ ՍԴ դատավորի պաշտոնում: Այս հեռանկարը որոշակի չլինելու պարագայում մյուսների հեռանկարը չեմ խոչընդոտի»:

Նշենք, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիաննա Հակոբյանի թեկնածությունները: