ԿԳՄՍ նախարարությունը մշակել և շրջանառել է տարկետման նոր համակարգ, համաձայն որի՝ պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տրվելու է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով պետության համար առաջնահերթ մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողին։
Radar Armenia-ին այս մասին հայտնեց ԿԳՄՍ գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը. «ՀՀ կառավարության որոշմամբ՝ տարկետում տրվում է կրթության միջոցով գիտելիքի ձեռք բերման և հետագայում ՀՀ կրթագիտական, ռազմաարդյունաբերական, գյուղատնտեսական և այլ ոլորտների պետական կարիքներին ծառայեցնելու, կրթության անընդհատությունը ապահովելու համար ԲՏՃՄ ուղղություններով սովորողներին»։
Տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և ԲՏՃՄ ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանում է կառավարությունը. «Այս պահին նախագիծը քննարկման փուլում է: Նախագիծն ընդունվելու դեպքում կմշակվի կառավարության համապատասխան որոշում, որով կսահմանվի այդ բուհերի և դրանց համապատասխան մասնագիտությունների ցանկը»։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ տարկետման համակարգում փոփոխություններ են տեղի ունեցել նաև բացառիկ նվաճումների ցանկում և հաշվարկի մեթոդաբանության մեջ: Սահմանվել է, որ 2023թ. մարտի 1-ից մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դիմորդների համար սահմանված նվաճումները կլինեն հետևյալը.
«Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների նշանակալի նվաճում է համարվում ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի առավելագույն արժեքի առնվազն 80% ցուցանիշ ունենալու հանգամանքը»։
Նվաճում է համարվում նաև դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում, տվյալ մասնագիտության գծով «Վեբ օֆ նոլիջ (Web of Knowledge)» կամ «Սկոպուս (Scopus)» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հրապարակված, առնվազն մեկ հղման ենթակա գիտական հոդված ունենալու հանգամանքը, ինչպես նաև՝ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի հրապարակման տարվա ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով մագիստրատուրայում սովորելու համար առնվազն երկու, իսկ ասպիրանտուրայում սովորելու համար՝ առնվազն երեք հղման ենթակա, հրապարակված գիտական հոդվածներ ունենալու հանգամանքը։
Կարգում ևս մեկ փոփոխություն այս պահին գտնվում է շրջանառության մեջ, որով նախատեսվում է որպես նվաճում համարվող՝ աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր և, ըստ ոլորտների, տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում սովորելը նվաճում համարելու փոխարեն նվաճում համարել կայքի ընդհանուր ցանկի առաջին քսանհինգ համալսարանում սովորելը:
Անուշ Մկրտչյան