Հասարակություն

Հարցված կանանց 82,8%-ը բռնության չի ենթարկվել

Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021թ. կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտությունը։ 

Հարցմանը մասնակցել է 15-59 տարեկան 2872 կին, որից 1559-ը քաղաքաբնակ են, 1313՝ գյուղաբնակ։ Երբևէ զուգընկեր ունեցած կանայք կազմում են 89%՝ 2560 մարդ, երբևէ չունեցածները՝ 11%՝ 312 մարդ։

Հարցման մասնակիցներից 28,5%-ը երևանաբնակ կանայք են, 45,7%-ը՝ գյուղերից։ Հարցվածների 98%-ը հայեր են, 1,6%-ը՝ եզդիներ, 0,1%-ը՝ ռուս, 0,1%-ը՝ մոլդավ։

Զուգընկերոջ կողմից երբևէ ֆիզիկական կամ սեռական բռնության չի ենթարկվել հարցվածների 82,8%-ը՝ 2119 մարդ։

Զուգընկերոջ կողմից երբևէ չափավոր ֆիզիկական բռնության ենթարկվածները կազմում են հարցվածների 13,1%-ը՝ 335 մարդ, դաժան ֆիզիկական բռնության ենթարկվածները՝ 5,5%-ը՝ 142 մարդ։ Սեռական բռնության ենթարկվել է հարցվածների 6,6%-ը՝ 168 մարդ, հոգեբանական բռնության՝ 13%-ը՝ 334 մարդ։

Ֆիզիկական բռնության ենթարկվածներ

• 3.1%-ը՝ 15-24 տ.

• 4.1%-ը՝ 25-34 տ

• 4%-ը՝ 35-44 տ․

• 2.8%-ը՝45-59 տ․

Սեռական բռնության ենթարկվածներ 

• 2.50%-ը՝ 15-24 տ. 

• 1.60%-ը՝ 25-34 տ. 

• 2.50%-ը՝ 35-44 տ․

• 1.6%-ը՝ 45-59 տ․

Հոգեբանական բռնության ենթարկվածներ

• 15.7%-ը՝ 15-24 տ.

• 34.8%-ը՝ 25-34 տ. 

• 29.9%-ը՝ 35-44 տ.

• 30%-ը՝ 45-59 տ.

Կանանց նկատմամբ ֆիզիկական բռնության դրսևորումները դիտարկվել են բռնության առավել մեղմ տեսակից (օրինակ, ապտակից) մինչև դանակի կամ հրազենի սպառնալիք կամ օգտագործում։ Երբևէ զուգընկեր ունեցած կանանց շրջանում ֆիզիկական բռնության ամենահաճախ հանդիպող տեսակը եղել է ապտակը կամ որևէ առարկա նետելը, որը կարող էր վնասել կնոջը: Բռնության այս տեսակին երբևէ ենթարկվել է 15-59 տ. կանանց 13,5%-ը։ Ելնելով հետազոտության արդյունքներից՝ թվարկված բռնության ձևերն առավել տարածված են գյուղերում, քան՝ քաղաքներում։

Կանայք զուգընկերոջ կողմից ֆիզիկական բռնության են ենթարկվում նաև հղիության ընթացքում։ Հետազոտության շրջանակում նման կանայք կազմել են 2,6%։ Ընդ որում, գյուղաբնակ կանայք հղիության ժամանակ փոքր-ինչ ավելի հաճախ են ենթարկվել բռնության։ 

Անուշ Մկրտչյան