Հասարակություն

Դոլարի արժեզրկումը տնտեսության համար էական մարտահրավերներ չի առաջացնելու

Վերջին օրերին դոլարը կրկին սկսել է արժեզրկվել՝ հունիսի 23-ին հասնելով նվազագույնը մինչև 410 դրամի։ Նշենք, որ սա հունիս ամսվա ընթացքում դոլարի ամենացածր ցուցանիշն է ։ Հունիսի 1-ի դրությամբ դոլարի փոխարժեքը կազմել է միջինը 437 դրամ, հաջորդ օրվանից սկսել է արժեզրկվել՝ որոշակի տատանումներով։ Ի դեպ, նախորդ տարի հունիսի 23-ին դոլարը կազմել է 512 դրամ։

Տնտեսագետ Կարեն Սարգսյանը, Radar Armenia-ի հետ զրույցում անդրադառնալով դոլարի փոխարժեքի նման տատանումներին, նշեց՝ բավական մեծ արտարժութային հոսք է նկատվում, ինչի արդյունքում նաև դրամն է արժևորվել. «Դոլարը վաճառում են, գնում են դրամ։ Տարբեր պատճառներով ՌԴ-ում կուտակված արտարժութային հսկայական զանգվածը պետք է աստիճանաբար օգտագործվի՝ հաճախ ԵԱՏՄ երկրների միջոցով, որոնք որևէ պատժամիջոցի տակ չեն հայտնվել։ Բացի այդ, ՀՀ են եկել շուրջ 300 հզ զբոսաշրջիկներ, աշխատանքային միգրանտներ, որոնք իրենց հետ բերում են արտարժույթ, որը տեղում փոխանակվում է հայկական դրամի։ Աննախադեպ ծավալ է, որը կարող է արտարժույթի մեծ տատանում առաջացնել, դրամի հանդեպ հավելյալ պահանջարկն էլ նպաստում է վերջինիս արժևորմանը»։

Ինչ վերաբերում է վերահսկողությանը, Սարգսյանն ասաց, թե ՀՀ-ն նման խնդիր չունի. «ԿԲ-ն արժույթի փոխարժեքը կարգավորում է անուղղակի ձևով. փաստացի, եթե դրամավարկային քաղաքականությունը խստացվում է, դա ոչ ուղղակի ձևով ազդում է արժույթի փոխարժեքի վրա, սակայն այդ միտումներն այնպիսին են, որ ԿԲ-ի միջամտության անհրաժեշտությունը չկա»,-ասաց նա՝ նշելով, որ դա էական մարտահրավերներ չի առաջացնելու մեր տնտեսության համար, բայց մասնակի կտուժեն դոլարով տրանսֆերտներ ստացողները։

Նրա խոսքով՝ արժույթի փոխարժեքի նվազման դրական կողմեր ևս կան. «Մեր պետական արտաքին պարտքը հիմնականում դոլարով է։ Դրա սպասարկումն այս ընթացքում զգալիորեն թեթևացնում է վճարումը. ժամանակավոր ազդեցություն է ունենում, բայց դրական է։ Մի դրական հանգամանք էլ՝ եթե դրամի այս արժևորումը չլիներ, հնարավոր է՝ ներքին գներն ավելի շատ բարձրանային»։