Հասարակություն

Հավելյալ գումարները պետք է ներդրվեն ինդեքսավորման և երկրի պաշտպանունակության մեջ

Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի պետբյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 40 մլրդ դրամով: 

Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, տարվա առաջին կեսին պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելի են, քան նախատեսված էր. «Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 միլիարդ դրամ, ինչը 30%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Եթե այս կիսամյակի հարկերից հանենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 մլրդ դրամը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակում դեռևս չէր կիրառվում, հարկերի աճը կկազմի մոտ 25%»։

Radar Armenia-ի հետ զրույցում ՀՊՏՀ Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նշեց՝ այդ 40 մլրդ դրամը գնաճի հետևանք է, որն ավելացնում է բյուջեի եկամուտները։ Ըստ նրա՝ կառավարությունը պարտավոր է եկամուտների ավելացած մասը վերաբաշխել սոցիալապես խոցելի շերտերի օգտին. «Նրանք, ովքեր ֆիքսված եկամուտներ ունեն՝ աշխատավարձեր են ստանում, հատկապես՝ պետական սեգմենտի աշխատողները, կենսաթոշակներ, կրթաթոշակներ, հաշմանդամության և աղքատության նպաստներ, նրանք այս խայտառակ գնաճի պայմաններում ունեզրկվում են, արժեզրկվում է նրանց անվանական եկամուտը, հետևաբար, այդ ավելացված եկամուտների հիմնական մասը պետք է ուղղել աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների ինդեքսավորմանը, առնվազն գնաճի չափով՝ եռամսյակը մեկ»։

Ըստ տնտեսագետի՝ երկրորդ ուղղությունը, որում պետք է հավելյալ գումարներն ծախսվեն, պաշտպանությունն է. «Պետք է ռազմական ջարդուփշուր եղած արսենալները վերականգնվեն։ Տպավորություն է, որ Շվեյցարիայում ենք ապրում։ Մի քանի օր առաջ սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ, սահմանները բեկված են, թուրքը նստած է մեր տարածքում և սպառնում է նոր պատերազմով. ոչ մի խոսք, հաշվետվություն այդ մասին։ Այդ բյուջետային հավելյալ եկամուտները անհապաղ պետք է վերաուղղվեն ամենաարդիական հարձակողական զենքերի ձեռքբերմանը։ Կառավարությունում լսե՞լ եք այդպիսի քննարկումներ կամ, ընդհանրապես, ակնարկներ։ Այդ գումարը փորձում են պահուստավորել, ինչն անհասկանալի է ու տարօրինակ»։

Անուշ Մկրտչյան