Հասարակություն

ՔԿ-ում Ջհանգիրյանի և Վարդազարյանի զրույցի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում

Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության վերաբերյալ։

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել,․ որի ժամանակ իր և Ջհանգիրյանի խոսակցությունից ձայնագրություն էր հրապարակել։ Ձայնագրության մեջ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը խոսում է Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործից և քաղաքական հայտարարություններ է անում։ 

Նույն օրը գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ «նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա»: