Հասարակություն

Սպանդանոցների բաշխվածությունն անհամաչափ է

Հանրապետությունում 93 սպանդանոց կա, որից 86-ը մարզերում են, 7՝ Երևանում. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՍԱՏՄ իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանից։

ՍԱՏՄ ներկայացուցչի խոսքով՝ սպանդանոցների բաշխվածությունն անհամաչափ է. մարզ կա, որտեղ սպանդանոցները շատ են, մարզ կա՝ ոչ։ 

Կոտայքում գործում է 25 սպանդանոց, Արմավիրում՝ 13, մինչդեռ Վայոց ձորում ընդամենը 1-ն է։ Հարությունյանի խոսքով՝ սպանդանոցները բացում են անհատները կամ կազմակերպությունները, որից հետո դիմում են ՍԱՏՄ-ին։

Մինչ այդ՝ ՍԱՏՄ-ն շարունակում է մսի շուկայում վերահսկողությունը։

Ըստ Անուշ Հարությունյանի՝ այս տարվա ընթացքում շատ ստուգումներ են անցկացվել. «Վերահսկողություն անընդհատ արվում է, հատկապես, եթե որևէ տեղ բողոք լինի, որ այսինչ սպանդանոցում պահանջել են 5-րդ ձևը, ու չի տրվել, մենք արագ արձագանքում ենք»։

ՍԱՏՄ ներկայացուցիչը մանրամասնեց, որ մսի շուկայում հիմնական խախտումները կապված են անվտանգությունը հավաստող «5-րդ ձև» անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ չունենալու հետ. «Հիմնականում սպանդանոցային մորթը հավաստող 5-րդ ձևն է բացակայում։ Մսամթերքի այն խմբաքանակը, որը չունի անվտանգությունը հավաստող 5-րդ ձև, վաճառքից հանվում է»։

Իրացման ցանցերում ստուգումների արդյունքում ոչ սպանդանոցային մսեղեն հայտնաբերելու դեպքում դրանք հանվում են վաճառքից կամ ոչնչացվում, իսկ ովքեր վաճառում են ոչ սպանդանոցային ծագման միս, ենթարկվում են վարչական պատասխանատվության։

Հիշեցնենք՝ սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթուղթ չունեցող մսեղենը ոչնչացնելու վերջին դեպքը եղել է մայիսի 18-ին, երբ հայտնաբերվել էր 4,5 կգ գառան միս, 2,5 կգ տավարի ենթամթերք (լյարդ)՝ առանց սպանդանոցային մորթը հավաստող «5-րդ ձևի»։

Անուշ Մկրտչյան