Հասարակություն

«Եթե ամբողջական ձայնագրությունը հանրայնացվի, լուրջ հետևանքներ կունենա Ռուբեն Վարդազարյանի համար»․ Գագիկ Ջհանգիրյան

15 րոպե տևողությամբ ձայնագրությունը ծաղկաքաղ է արված: Եթե ամբողջական ձայնագրությունը ներկայացվի, լուրջ հետևանքներ կունենա Ռուբեն Վարդազարյանի համար։ Այս մասին «Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

«Ես հայցում եմ մեր մայրերի, քույրերի, կանանց, աղջիկների ներողամտությունը՝ իմ վրիպման արդյունքում տղամարդկանց փակ միջավայրում իմ կողմից արտահայտված բառերի համար։ Մեր սեղանը տեղի է ունեցել ավելի քան մեկ տարի առաջ, այն տևել է շուրջ երկու ժամ, հրապարակված 15 րոպե տևողությամբ ձայնագրությունը ծաղկաքաղ է արված: Եթե ամբողջական ձայնագրությունը հանրայնացվի, դա լուրջ հետևանքներ կունենա Վարդազարյանի համար։ Վարդազարյանը դիմել էր ԲԴԽ այն անդամներին, որոնք հարուցել էին իր նկատմամբ կարգապահական վարույթ, կոչ էր արել, որ իմ նկատմամբ ևս վարույթ հարուցեն։ Իրենից պահանջել էին ամբողջական ձայնագրությունը տրամադրել, նա մերժել է»,- ասել է Ջհանգիրյանը:

Հարցին, թե չե՞ք պատրաստվում հրաժարական տալ, Ջհանգիրյանը նշել է, որ իր կյանքում 3 անգամ հրաժարական է ներկայացրել իր զբաղեցրած պաշտոններից, սակայն ոչ երբեք որևէ մեկի պարտադրանքի արդյունքում․ «ԲԴԽ եմ եկել պետության համար դժվարին ժամանակահատվածում, երբ դատական ողջ համակարգը խրված էր քաղաքական գործընթացներում, իսկ Վարդազարյանը դրա դեմ ոչինչ չէր անում: Երբ ես զինդատախազ էի, հասել եմ այն բանին, որ զինվորականների հետ կապված հարցերը քննեն իմ կողմից նախընտրելի դատավորները՝ արատավոր երևույթներից խուսափելու համար: Ես ինքս եմ իմ առաջ խնդիր դրել, որ Վարդազարյանը կամավոր հեռանա իր պաշտոնից, քանի որ վերջինս հակադրության մեջ էր դրել դատական համակարգը օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ, հետևաբար, իմ արածը չի հակասում դատաիրավական բարեփոխումների տրամաբանությանը»:

Հարցին՝ ո՞վ էր իրեն լիազորել՝ գնալ Վարդազարյանի հետ բանակցությունների, Ջհանգիրյանն ասել է. «Ես, ինձ ո՞վ կարող էր լիազորել։ Ես եմ գնացել բանակցությունների պարոն Վարդազարյանի հետ։ Քանի որ մեր հարաբերություններն արդեն լարված էին, թեև ինքը եղել է իմ ուսանողը, բայց նույնիսկ մինչև իմ ընտրվելը, ինքն արդեն ասում էր, որ ես իրավունք չունեմ և այլն։ Ես բազմաթիվ հանցագործների հետ եմ զրուցել, համոզել եմ ընդունել իրենց մեղքը, դու կիրառում ես հոգեբանական հնարքներ, օրինակ՝ դա ի՞նչ պաշտոն է, որ դու տենց կառչած ես դրանից, խելոք մարդը պիտի հասկանա, չէ՞, եթե այդպես է՝ ես ինչո՞ւ եմ այդ պաշտոնին նստել. այսինքն՝ որպեսզի նա հեշտության տրվի այդ հորդորին, դիմում գրի, ազատվի, ես նրա աչքում նսեմացնում եմ իր զբաղեցրած պաշտոնը»։

Անդրադառնալով քրեական գործեր կարճելու մասին իր հայտարարությանը՝ Ջհանգիրյանը նշել է. «Դրանք հոգեբանական հնարքներ են։ Կուտ եմ տվել, ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը. իմ լիազորություններից դուրս բաներ են։ Ես խոսակցության ընթացքում եմ հասկացել, որ նա ձայնագրում է, նրա ամբողջ նպատակն այն էր, որ ես որևէ բարձրաստիճան պաշտոնյայի անուն տայի: Վարդազարյանն ինձ անձնական նամակ է փոխանցել, որը ես փորձել եմ կարդալ ԲԴԽ խորհրդի նիստում, ինչից հետո վերջինս հետ է պահանջել իր նամակը. ես ենթադրում եմ, որ այդ նամակով վերջինս ուզում էր շանտաժ անել՝ այդ ձայնագրությունը հրապարակելու հետ կապված»։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են։ Պատճառը ԲԴԽ նախագահի կողմից էական կարգապահական խախտումներն են։