Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազությունը մեզ համար վստահելի գործընկեր է

Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովի հետ:

Շնորհավորելով Ղազախստանի իր գործընկերոջը գլխավոր դատախազ պատասխանատու պաշտոնում նոր նշանակվելու կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը հույս է հայտնել, որ առաջիկայում ոչ միայն կպահպանվի փոխադարձ վստահության և հարգանքի վրա կառուցված՝ երկու երկրների դատախազական կառույցների միջև գործակցության առկա դինամիկան, այլ նաև հնարավոր կլինի վերջինս հասցնել զարգացման նոր մակարդակի:  

Արթուր Դավթյանը գոհունակություն է հայտնել հատկապես իրավական փոխօգնության ոլորտում ՀՀ և ՂՀ գլխավոր դատախազությունների սերտ համագործակցության առնչությամբ, ինչի մասին են վկայում քրեական գործերով իրավական օգնության բազմաթիվ հարցումների կատարման փաստը:     

Բերիկ Ասիլովն իր հերթին նշել է, որ միջպետական համագործակցության առումով ՀՀ գլխավոր դատախազությունը իրենց համար վստահելի գործընկեր է: Նա համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկկողմ կապերն ավելի կսերտանան, և կբարձրանա գործակցության արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազությունների առաջնահերթություններից բխող՝ հարաբերությունների զարգացման հնարավոր նոր ուղղությունները, ընդհանուր տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով հանցավորության դեմ համատեղ պայքարի, փորձի, տեղեկատվության փոխանակման ոլորտներում դատախազությունների ներուժն առավել արդյունավետ օգտագործելու խնդիրները: