Հասարակություն

Կանխիկ կամ անկանխիկ վճարումների դեպքում ապրանքների գինը պետք է լինի նույնը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կանխիկի շրջանառության կրճատման փաթեթը:

Վարչապետն այն համարեց կարևորագույն բարեփոխումներից մեկը։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ թեմայի վերաբերյալ մի քանի շեշտադրում արեց՝ գործընթացն ավելի պարզ ներկայացնելու համար. «Անկանխիկ գործառնությունների մասին օրենքը ենթադրում է 300 հազար դրամը գերազանցող ձեռքբերումների պարագայում անկանխիկ վճարումների կիրարկում, ինչպես նաև որոշակի ծառայությունների մասով անկանխիկ վճարումների իրականացում:

Կառավարության հետ համատեղ համաձայնության արդյունքում վճարային տերմինալներով վճարվող գումարները ևս, եթե դրանք միանգամից փոխանցվում են ընկերության հաշվին, այս պահի դրությամբ համարում ենք անկանխիկ գործառնություն»:

Ինչ վերաբերում է վճարային տերմինալներին և մասնավորապես ՀԴՄ-ների վրա դրանց ֆունկցիոնալության ավելացմանը, Գալստյանը նշեց, որ այս պահին հարցը լուծված է. «Բանկերն այս փուլում լիցենզիաների ձեռքբերման և ՀԴՄ-ներն ակտիվացնելու ծախսը վերցնում են իրենց վրա: Բանկերի հետ եկել ենք համաձայնության, որ տնտեսվարողների բեռը հնարավորինս մինիմալ լինի: Հիմա մենք ունենք մոտավորապես 50 հազար ՀԴՄ-ներ, որոնք պոստ տերմինալի ակտիվացման ֆունկցիա պետք է անեն, ու դա մենք հնարավորինս արագ տեմպերով կիրականացնենք:

Գերխնդիրն այն է, որ ամեն բնակավայրում լինի գոնե մեկ խանութ կամ տերմինալ, որը հնարավորություն կտա վճարել մարդուն անկանխիկ, որ օգտվի քեշբեքի մեխանիզմից»։

Նա շեշտեց, որ կանխիկ կամ անկանխիկ վճարումների դեպքում ապրանքների գինը տնտեսվարողների կողմից պետք է նույնը լինի: Ըստ ԿԲ նախագահի՝ տնտեսվարողը չի կարող դիսկրիմինացնել մարդուն, եթե նա վճարում է կանխիկ, առավել ևս անկանխիկ եղանակով։