Հասարակություն

Ընդերքի մասին օրենսգրքի փոփոխությունը մի շարք հկ-ներ համարում են հակաժողովրդավարական

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հակառակ բնապահպանական կազմակերպությունների կոչերին, օրերս ստորագրեց ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխությունները։ 

Մինչդեռ, այն բանից հետո, երբ խորհրդարանն ընդունեց օրենսդրական այդ փոփոխությունները, մի շարք հկ-ներ հանդես էին եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ այն հակաժողովրդավարական է և ոտնահարում է մարդու իրավունքները։ 

Ստորագրելով օրենքի փոփոխությունները՝ նախագահը նշել է, որ ծանոթացել է բնապահպանական և իրավապաշտպան հկ-ների արծարծած խնդիրներին։ ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական և փորձագիտական բաժինները անցկացրել են վերլուծություններ, որոնցից պարզ է դարձել, որ օրենքի նախագծում ՀՀ Սահմանադրությանը հակասող հոդվածներ և կետեր չկան։

Սակայն քաղհասարակության ներկայացուցիչները շարունակում են պնդել՝ օրենքը հակասահմանադրական է։

Radar Armenia-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց՝ եթե լիներ շահագրգռվածություն, և Սահմանադրությունը մեկնաբանվեր լայնորեն, հակասություններ կգտնվեին։ Նավասարդյանի խոսքով՝ օրենքի այդ փոփոխությունը ի շահ շահագործողների է, որոնք գործունեություն ծավալել են՝ տարիների ընթացքում բնապահպանական բոլոր կանոնները խախտելով։ Արդյունքում, ըստ նրա, Հայաստանի բնությանը հավելյալ վնասներ են հասցվել. «Այս փոփոխությունը՝ շահագործման մասով, պետական, հանրային վերահսկողությունը ակնհայտ նվազեցնում է, իսկ երբ չկա վերահսկողություն, շահագործողը, բնականաբար, ընտրում է ընդերքը շահագործելու առավել էժան միջոցները, և դա, բնականաբար, բնությանն է վնաս հասցնում»։


«Էկոլուր» տեղեկատվական հկ-ի տնօրեն Ինգա Զառաֆյանն էլ նշեց, թե չի պատկերացնում որևէ հկ-ի ներկայացուցչի, որը կարող է կողմ արտահայտվել օրենքի այդ փոփոխությանը. «Դա հակասահմանադրական օրենք է, որի համար մենք դիմեցինք ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահին՝ հանդիպելու և մեր հիմնավորումները ներկայացնելու համար։ Դիմումները մնացին անպատասխան, մինչդեռ մամուլում տեսնում էինք, որ ասվում է՝ նախագահը բաց է քննարկումների համար, պատրաստ է հանդիպել, բայց էլ ու՞մ է պետք հանդիպելը, եթե օրենքի փոփոխությունը ստորագրվել է»։

Զառաֆյանի խոսքով՝ օրենսդրական այս փոփոխությունը, ըստ էության, հանրության՝ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքի սահմանափակում է, ինչը ժողովրդավարության ձգտող երկրի դեպքում բնական չէ։

Բորիս Նավասարդյանի խոսքով էլ՝ եղած հանդիպումները որևէ արդյունք չեն տվել, որովհետև խորհրդարանի որոշ պատգամավորներ քիչ դեպքերում են ուշադրություն դարձնում այն խնդիրներին, որոնք բարձրաձայնում են  քաղաքացիական հկ-երը. «Կարծում եմ՝ կան գործարարներ, որոնք որոշակի լոբբիստական հնարավորություններ ունեն կառավարությունում և խորհրդարանում, և դա է պատճառը, որ քաղհասարակության դժգոհությունը արհամարհվում է։ Գործարարների, ընդ որում՝ անպատասխանատու գործարարների շահերը ավելի կարևոր են, քան՝ լայն հասարակության»։

Նավասարդյանի համոզմամբ՝ խնդրի լուծումը կախված է բնապահպանների,  բնակիչների գիտակցությունից և հետևողական, շահագրգիռ և գիտակից մոտեցումից։