Հասարակություն

ՀՀ ԲՏԱ նախարարը Ֆրանսիայում ներկայացրել է ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած պետական քաղաքականությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը պաշտոնական այցով եղել է Ֆրանսիայի Հանրապետությունում: Նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Université Paris-Saclay համալսարանի գիտական և ճարտարագիտական հետազոտությունների գծով փոխնախագահ Միշել Գիդալի հետ: Կազմակերպվել է շրջայց Solei» գիտահետազոտական լաբորատորիայի տարածքով, որի ընթացքում լաբորատորիայի գլխավոր տնօրեն Ժան Դելանը ներկայացրել է լաբորատորիայի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ Կառավարության որդեգրած պետական քաղաքականությունը, ոլորտի զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը։ Նախարարն այցելել է նաև աշխարհի ամենամեծ ստարտափ կլաստեր Station F ընկերություն, որտեղ հանդիպել է ռազմավարական ծրագրերի և հաղորդակցության բաժնի ղեկավար Գրեգորի Մարտինեսի հետ: Քննարկվել են նորարարության, տնտեսական հզորացման, նորաստեղծ էկոհամակարգերի աճին և արդյունավետության խթանմանն ուղղված մի շարք հարցեր:
 
Միաժամանակ ընդգծվել է երկու պետությունների ձեռնարկությունների միջև գործընկերային կապերի հաստատման, համագործակցության, ինչպես նաև փոխճանաչելիության մակարդակի բարձրացման նպատակով փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: 

Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացման կարևորությունը, վենչուրային կապիտալի ֆոնդի ձևավորման և գործունեության իրականացման  նպատակով կատարվող աշխատանքները, ստարտափ նախաձեռնությունների խթանման ու էկոհամակարգի զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերն ու օրենսդրական բարեփոխումները, որոնք միտված են դյուրացնելու Հայաստանում ոլորտային արտադրանքի ձևավորումը:
 
Ֆրանսիական կողմը հետաքրքրություն է հայտնել հայկական ստարտափների, աքսելերատոր ծրագրերի և հետազոտությունների վերաբերյալ, առաջարկել հայկական ստարտափներին ներառել իրենց կողմից ստեղծված ֆոնդերի և ֆինանսավորվող նախագծերի մեջ, ակտիվացնել ոլորտային համագործակցությունը: Տեղի է ունեցել նաև շրջայց կենտրոնի տարածքով, որի ընթացքում նախարարին են ներկայացվել մանրամասներ ընկերության գործունեության վերաբերյալ:
 
Այցի շրջանակներում Ռոբերտ Խաչատրյանը հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: