Հասարակություն

Անշարժ գույքի շուկայում մեծ ակտիվություն է

Անշարժ գույքի շուկայում ակտիվություն է. բնակարանների գները բարձրացել են: ՀՀ վիճակագրական կոմիտեից Radar Armenia-ն տեղեկացավ, որ 2022թ.-ի ապրիլին Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գինը 1 քառակուսի մետրի համար կազմել է մոտ 381,3 հզ դրամ։

Ըստ «Silver REA» անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովի կանխատեսման՝ եթե ակտիվությունը շարունակվի, հնարավոր է, որ մինչև մյուս տարի այս ժամանակահատված 30%-ի հասնող գնաճ ունենանք։

Radar Armenia-ի հետ զրույցում Հարությունովը նշեց՝ անշարժ գույքի շուկայում մեծ պահանջարկ կա, և դա հիմնականում կապված է տարադրամի փոխարժեքի տատանումներով. «Երբ գների ընդհանուր մակարդակը մեծ տեմպերով բարձրանում է, շատերը ցանկանում են իրենց միջոցները անշարժ գույքի մեջ ներդնել։ Խորհուրդ կտամ այն մարդկանց, ովքեր նախատեսում են անշարժ գույք ձեռք բերել, շտապեն»։

Հարությունովը մանրամասնեց, որ անշարժ գույքի շուկայում կա առաջնային և երկրորդային շուկա։ Առաջնային շուկայում այն շենքերն են, որոնք նոր են կառուցվում և վաճառվում են կառուցապատողի կողմից, իսկ երկրորդային շուկայում արդեն կառուցվածներն են, որոնք վաճառում է սեփականատերը։ Նրա խոսքով՝ առաջնային շուկայում մեծ պահանջարկ կա. «Կան բազմաթիվ կառուցապատողներ, բազմաթիվ առաջարկներ, մեծ և փոքր նախագծեր։ Երևանի 30 տարիների պատմության մեջ նման մասշտաբի շինարարարություն չենք ունեցել, քանի որ առաջարկը մեծ է, մրցակցություն կա։ Կառուցապատողների մոտ, հնարավոր է, գնաճը զսպվում է մրցակցության հաշվին։ Երկրորդային շուկայում գնաճի տեմպը այլ է»։

Նա նաև մանրամասնեց, թե հիմնականում ինչ պատճառներով են գնորդները անշարժ գույք ձեռք բերում։ Հարությունովի խոսքով՝ գնորդներ կան, որոնք կենցաղային պայմաններն են ուզում բարելավել, գնորդներ կան՝ բիզնես նպատակով են գնում բնակարանները, և կան, որ իրենց ունեցած դրամով, ռուբլով կամ դոլարով միջոցները վերածում են անշարժ գույքի։

Նրա խոսքով՝ պահանջարկը հիմնականում նորակառույց շենքերում է. «Գնորդները հիմնականում երկքաղաքացիություն ունեցող հայեր են։ Օրինակ, եթե վիճակագրություններում նշվում է, որ ինչ-որ մեկը Ֆրանսիայի քաղաքացի է, համարվում է օտարերկրացի, բայց հիմնականում Ֆրանսիայի կամ Ռուսաստանի քաղաքացի հայեր են»։

Հարությունովը անդրադարձավ նաև վարձակալությանը՝ նշելով, որ այն ակտիվացավ, երբ Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով, մարդիկ տեղափոխվեցին Հայաստան. «Սկզբնական շրջանում վարձակալության գները բարձրացան, բնակարանների դեֆիցիտ կար, ընթացքում վարձակալության շուկա նոր բնակարաններ մտան, որոշները գնացին երրորդ երկիր, հիմա շուկան կարգավորված է»։

Համեմատության համար նա նշեց, որ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո ոչ միայն Հայաստանում էին վարձակալության գները բարձրացել, այլև՝ տարածաշրջանում. «Հիմա վարձակալության շուկայում 30-40% գնաճ կա, բայց սկզբնական շրջանում դեպքեր կային, որ 200% բարձր էր։ Նույն կերպ, Թուրքիայում, Վրաստանում և այլ երկրներում, որտեղ տեղափոխվել են ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, վարձակալության գները բարձրացել էին, այդ իրավիճակը միայն Հայաստանում չէր»։

Ըստ ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից կատարված անշարժ գույքի շուկայի վերլուծության՝ 2022թ. ապրիլին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամաբ իրականացվել է 16.644 իրավունքի պետական գրանցման գործարք: 

 

Հանրապետությունում 2022թ. ապրիլին անշարժ գույքի նկատմամբ գրանցված գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երևանում՝ 32.9%, ամենացածրը՝ Վայոց ձորում՝ 2.1%։ 

 

Անուշ Մկրտչյան