ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ելույթ է ունեցել Երևանում անցկացվող Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովում՝ նշելով, որ այն տեխնոլոգիական ընկերությունների, նաև ոլորտի զարգացման և կայացման համար առանցքային նշանակություն ունի, այն նաև լավ հնարավորություն է՝ արձանագրելու ոլորտի զարգացումներն ու հաջողությունները:
Նախարարի խոսքով. «Նման միջոցառումների անցկացումը տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև ոլորտի զարգացման և կայացման համար առանցքային նշանակություն ունի: Այսօր մեկ հարթակում հանդես կգան տեխնոլոգիական և բիզնես ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, որպեսզի քննարկեն արդիական թեմաներ, կկիսվեն իրենց փորձով, հաջողության պատմություններով: Սա նաև լավ հնարավորություն է մեզ համար՝ արձանագրելու ոլորտի զարգացումները և հաջողությունները»։
Խաչատրյանը տեսակետ հայտնեց, որ պետք չէ խուսափել նաև խնդիրների մասին խոսելուց: Դրանք վերհանելը և քննարկելը, լուծման ուղիներ մշակելը հնարավորություն են տալիս չկրկնել սխալները, խուսափել նոր սխալներ գործելուց. «Հայաստանը տեխնոլոգիական մեծ ներուժ ունի, և այդ ներուժը, մասամբ, այստեղ է հավաքված: Համոզված եմ, որ այս գագաթնաժողովի արդյունքները երկար սպասել չեն տա: Վստահ եմ, որ միջոցառումը կանցնի արդյունավետ և կնպաստի, որ միասին գտնենք առաջընթացի նոր ուղիներ»: