Գյուղացիները ահազանգում են ծիրանի բերքի իրացման խոչընդոտների մասին։ Պատճառը Վերին Լարսի անցակետի խցանումներն են, ինչի հետևանքով ծիրանը, մնալով բեռնատարներում, փչանում է:
Հիշեցնենք, որ Լարսում ստեղծված խնդրին օրերս անդրադարձավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հայտնելով, որ Լարսում գործող մաքսակետի մոտ ևս մեկը կտեղադրվի, արդյունքում հնարավոր կլինի օրական 170-200 մեքենա սպասարկել։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն էլ առաջարկել էր բեռները տեղափոխել լաստանավով։
Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Հայկազ Տերտերյանը նշեց՝ ծիրանը հիմնականում արտահանվում է, մթերումով քիչ են զբաղվում։
ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանն էլ տեղեկացրեց, որ Արմավիրում ծիրանի արտահանում դեռ չի սկսվել. «Արտահանման խնդիրները կապված են Լարսի անցակետի հետ։ Եթե այդ խնդիրները չլուծվեն, բնականաբար, շատ վատ կլինի»։
Մինչ այդ, նկատենք, ցրտահարությունների հետևանքով որոշ շրջաններում ծիրանենիները կրել են մեծ վնասներ։
Անուշ Մկրտչյան