Հասարակություն

Գնել Սանոսյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Միհրան Խաչատրյանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նոր նախագահին՝ Միհրան Խաչատրյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Տաթևիկ Ռևազյանին բարդ և պատասխանատու ժամանակահատվածում ոլորտը ղեկավարելու համար և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում։
 
«Ձեր պաշտոնավարման 4 տարին եղել է բարդ և խնդիրներով լի։ Այս ժամանակահատվածը, վստահաբար, Ձեր կենսագրության մեջ կարևոր փուլ կլինի։ Շնորհակալություն այն ամենի համար, ինչ արել եք և փորձել եք անել»,- ասել է նախարարը։

Սանոսյանը շնորհավորել է Միհրան Խաչատրյանին՝ ընդգծելով, որ վերջինս հնաբնակ է, շատ լավ տիրապետում է ոլորտին, ոլորտի խնդիրներին, և հույս է հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի ի շահ ՀՀ քաղավիացիայի։
 
«Ես շատ գոհ եմ Ձեր աշխատանքից, Ձեր հետևողականությունից, սրտացավությունից և կարծում եմ, որ հիմա պետք է էլ ավելի մեծ ջանքով, եռանդով ու ավելի մեծ պատասխանատվությամբ աշխատեք ու ղեկավարեք ոլորտը»,- ասել է նախարարը։

Տաթևիկ Ռևազյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին՝ նշելով, որ հաջորդիվ էլ կփորձի իր հնարավորությունների սահմաններում աջակցել քաղավիացիայի կոմիտեին։
 
Միհրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ պատրաստ են հաղթահարել այն խնդիրները, մարտահրավերները, որոնք այսօր առկա են: «Ես ոչ մի կասկած չունեմ, որ մենք հաջողելու ենք։ Մեր թիմը պատրաստ է դրան»,- ասել է Խաչատրյանը։