Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումները մինչև օգոստոսի 1-ը պետք է լիցենզավորվեն։
Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն։ Դրանցից 8-ը Երևանում են, 4-ը՝ Շիրակում, 1-ը՝ Լոռում, 1-ը՝ Տավուշում, 1-ն էլ՝ Գեղարքունիքում։
Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը, անդրադառնալով վկայագրման գներին, նշեց՝ նախարարությունը գնային քաղաքականության մասով վերահսկողություն չի իրականացնում. «Գումարի չափը որոշում են վկայագրում իրականացնող լիցենզավորված ընկերությունները։ Գները տատանվում են 13.000 դրամի սահմաններում։ Բայց որքան շատանում են լիցենզավորված ընկերությունները, գինն այդքան, մրցակցության շնորհիվ, նվազում է»։
Լիցենզավորված ընկերություններում գները տարբեր են, տատանվում են 9-12 հազարի սահմաններում։
«Գազ Ֆորեվեր Լիլիան Գրուպ» ՍՊԸ-ից տեղեկացրին, որ մեկ բալոնի փորձարկման արժեքը 12.000 դրամ է. «Հերթերը ահավոր են, օրը մինչև 15-16 մեքենա ենք սպասարկում, ուղղակի տարածքում բնակելի շենք կա, չենք ուզում մինչև ուշ ժամ աշխատել։ Ստուգումը տևում է 35-40 րոպե։ Գազաբալոնների խնդիրները հիմնականում կապված են ժամկետների լրանալու հետ»։
«Պրեմիում Գազ» ՍՊԸ-ից տեղեկացրին՝ մեկ բալոնի փորձարկման արժեքը 9000 դրամ է, հերթեր լինում են, իսկ ստուգումը իրականացվում է մոտ 1-1,5 ժամում։
«Էքսպերտ Թեչ» ՍՊԸ-ից հայտնեցին, որ մեկ բալոնի փորձարկման արժեքը կախված է մեքենայի կոնստրուկցիայից. «Գինը սկսվում է 12.000 դրամից և չի գերազանցում 20.000 դրամը։ Հերթեր կան, հերթագրում ենք ու սպասարկում»։
Մինչ այդ, նկատենք, եթե մինչև օգոստոսի 1-ը չիրականացվի գազաբալոնների վկայագրում, ապա գազալցակայանում մեքենաները չեն սպասարկվի և չեն լիցքավորվի։ Իսկ այն ընկերությունները, որոնք լիցքավորում կանեն վկայագրում չստացած վարորդներին, տեսչական մարմնի կողմից կենթարկվեն տուգանքի։
ՏԿԵ նախարարությունից տեղեկացանք, որ լինելու է միասնական շտեմարան, որտեղ մուտքագրվելու են ստուգված բոլոր մեքենաների տվյալները։ Միասնական շտեմարանի մրցույթում հաղթող ընկերություն կա, և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
Անուշ Մկրտչյան