«Ռեստարտ» նախաձեռնության վեց անդամներ Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Սիմոնյանը, Գարիկ Միսկարյանը, Արամայիս Պետրոսյանը, Հրաչյա Խլղաթյանը և Յուրի Ավագյանը քիչ առաջ արդարացվեցին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, հրապարակեց տղաների վերաբերյալ գործով դատավճիռը։
Դատարանը ճանաչեց և հռչակեց ամբաստանյալների անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում։ Խոսքը վերաբերում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելուն։
Տղաներն արդարացվեցին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Նրանց նկատմամբ ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը կվերացվի։
Հիշեցնենք՝ մեղադրող դատախազ Սևակ Պողոսյանը միջնորդել էր տղաներին դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:
Գործով տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը միացել էր դատախազի հիմնավորումներին՝ բացառությամբ պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ Պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը և Կարեն Մեժլումյանը, սակայն, դատարանում պնդել էին՝ առաջադրված մեղադրանքում իրենց պաշտպանյալները պետք է արդարացվեն։
Հիշեցնենք, որ այս քրեական գործը հարուցվել էր 2019 թ․ մարտի 4-ին Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առիթով։ «Ռեստարտ»-ի անդամները փորձել էին աղբարկղը նետել Նարեկ Մալյանին, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից։