Հասարակություն

Առողջ բնակչությունը երկրի անվտանգության, կայունության և բարեկեցության հիմնաքարն է

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «ԱՊՐԻ 2022» համաժողովի շրջանակներում «հանրային առողջություն և բարեկեցություն» թեմայով ճեպազրույցին: Բանախոսել է նաև Կոլումբիայի համալսարանի հանրային առողջապահության մասնագետ Կիմ Հեքիմյանը:

Ճեպազրույցում քննարկվել են`

հանրային առողջության պահպանման առաջնահերթությունները` որպես կենսական ազգային, անվտանգային շահը,

կանխարգելելի պատճառներից բնակչության մահացության ցուցանիշի նվազեցման հնարավորությունները,

համընդհանուր առողջապահական ծածկույթի ձևավորումը,

քաղաքացու համար բարձրորակ առողջապահական ծառայությունների ապահովումը:

Խոսելով հանրային առողջապահության վերջին մարտահրավերների` COVID-19-ի և պատերազմի մասին, նախարարը մատնանշել է Սփյուռքի հայրենակիցների հսկայական օգնությունը. «Սփյուռքը Հայաստանի առողջապահության ոլորտում անասելի մեծ ներդրում ունի, սակայն համագործակցությունը ոչ թե կարճաժամկետ հումանիտար օգնության, այլև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը պետք է ուղղվի»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Քննարկմանն առանձնացվել են Հայաստանի հանրային առողջապահական առաջնահերթությունները` առողջության համապարփակ ապահովագրության ներդրում, ԱԱՊ օղակի բարեփոխումների, առողջ ապրելակերպի խթանում, ծխախոտի վերահսկում, պատվաստումային գործընթաց:

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ հանրային առողջապահության ոլորտում անելիքերը շատ են, սակայն ցանկալի արդյունքի հասնելու ճանապարհը համբերությունն ու հաստատակամությունն է: