Հասարակություն

Սուպերմարկետները խեղդում են մանր ու միջին խանութներին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր տարեկան հաշվետվության մեջ անդրադարձել է առևտրային ցանցերի գործունեության ոլորտին, ընդգծելով՝ թեև դրանց ավելացումը սպառողների համար դրական ազդեցություն է ունեցել, բայց մանրածախ առևտրի ոլորտում մրցակցային միջավայրի վրա կարող է և բացասաբար անդրադառնալ։ 

Ըստ ՄՊՀ հաշվետվության՝ Երևանում սպառողների մեծամասնությունը՝ 63%-ը, ամենօրյա առևտուրն իրականացնում է առևտրային ցանցերից՝ սուպերմարկետներից։ Բակային խանութներից գնումներ է կատարում հարցվածների 32%-ը։ 

Սուպերմարկետները գրավում են հաճախորդներին, քանի որ առկա է մեծ տեսականի, ունեն  նպաստավոր տեղադիրք,  անկանխիկ վճարման հնարավորություն և այլն։

ՄՊՀ-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկրում առևտրային ցանցերը ևս իրականացնում են ապրանքների մեծածավալ ներմուծումներ և դրանց մեծածախ վաճառք առևտրային այլ ցանցերին։ Արդյունքում՝ մանր և միջին ընկերությունները, օբյեկտիվորեն չկարողանալով գնային առումով մրցակցել առևտրային ցանցերի հետ, կարող են դուրս մղվել՝ հանգեցնելով մանրածախ առևտրի ոլորտում կենտրոնացվածության մակարդակի բարձրացման։

Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մանրածախ առևտուրն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին աճել է 1,5%-ով։ Ընդ որում, 3,5%-ով աճել է խանութների առևտուրը, իսկ ահա սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի շուկաների ու կրպակների առևտուրը նվազել է, ընդ որում՝ մոտ 10%-ով։