ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից վստահեցնում են՝ Հայաստանի սահմաններին «Կապիկի ծաղիկի» վարակի վտանգով պայմանավորված, ուժեղացված հսկողություն է սահմանվել։ Առայժմ ՀՀ-ում «Կապիկի ծաղիկի» դեպք չի հայտնաբերվել։
Հիշեցնենք՝ երեկ «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք է հաստատվել Վրաստանում, իսկ ամբողջ աշխարհում արձանագրվել է 1704 դեպք։
ԱՆ ՀՎԿԱԿ Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի խոսքով. «Հայաստանի սահմանի անցման կետերում իրականացվում է հսկողություն։ Համագործակցության ենք առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի հետ, նրանց կողմից ուժեղացվել է հսկողությունը ջերմող հիվանդների հայտնաբերման համար, քանի որ «Կապիկի ծաղիկը» սկսում է ջերմությամբ, իսկ երկու-երեք օրվա ընթացքում երևում է նաև ցանը»։
Պարոնյանը նաև անդրադարձավ հիվանդության տարածելիության խնդրին. ««Կապիկի ծաղիկ» հիվանդությունը հիմնականում արձանագրվել է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Աշխարհի 34 երկրներում արձանագրվել են դեպքեր, այդ թվում՝ Վրաստանում, այնտեղ իրականացնում են համապատասխան կանխարգելիչ միջոցառումները»։