ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքին, որում այլևս չկա վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածը։
Պատգամավորի խոսքով. «Երբ անցյալ տարվա հուլիսին ընդունեցինք այդ օրենքը, մենք նշել ենք, որ հայհոյանքը, ծանր վիրավորանքը քրեականացնելու հիմնական նպատակը կանխարգելիչ ֆունկցիա կատարելն է: Մասնավորապես, հետպատերազմական շրջանում բավականին քաոսային իրավիճակ էր ստեղծվել հրապարակային հայհոյախոսության հետ կապված, և հայհոյախոսությունը նույնիսկ քաղաքական խոսույթի մաս էր դարձել: Եվ քաղաքական մեծամասնությունը որոշեց, որ այդ պահին պետք է գնալ կտրուկ գործողությունների»։
Ջուլհակյանը հիշեցրել է՝ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ էլ հատուկ նշել են, որ դա ժամանակավոր միջոց է, որը պետք է կանխարգելիչ բնույթ ունենա. «Եվ մեր գնահատմամբ, իհարկե, ոչ ամբողջությամբ, բայց գոնե որոշ չափով դաշտը կարգավորվել է: Այսուհետև կփորձենք, ինչպես նախկինում, քաղաքացիաիրավական կարգավորումների միջոցով վիրավորանքի հետ առնչվել»: