Հասարակություն

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է չեղարկել ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, վաստակավոր արտիստի և վաստակավոր նկարչի կոչումները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություների նախագիծ՝ առաջարկելով չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները։

Որոշման հիմնավորումներում նշված է՝ որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ. «Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից»։

Radar Armenia-ի հետ զրույցում Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ասաց, որ կողմ է այս որոշմանը. «Ոչ միայն կողմ եմ, ես դա համարում եմ անհեթեթ երևույթ։ Դրանք Սովետական միությունից եկած բաներ են, որոնք բացարձակապես որևէ բան չեն նշանակում, փոխարենը կռվի դաշտ են ստեղծում, նախանձ, կարիերիզմ»։

Բաբայանի խոսքով՝ ինքը 2004թ.-ին ստացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչում, որի մասին գրված չէ թատրոնի և ոչ մի պաստառի վրա։ Բաբայանը մեկնաբանեց՝ դա երբեք արժեք չի համարել. «Արվեստագետներին հարգանք ցույց տալու համար կան պետական պարգևներ, շքանշաններ, մեդալներ։ 1990թ. այդ կոչումները վերացվել էին, 2003թ. վերականգնվեց, մարդիկ սկսեցին ինֆարկտ ստանալ՝ կոչում ստանալու կամ չստանալու կապակցությամբ»։

Ըստ նրա՝ արտիստները պետք է գնահատվեն մեկ այլ եղանակով, և նրանք պետք է ուրախանան հանդիսատեսի և մասնագետների գնահատականով, այլ ոչ՝ կոչումներով. «Ուզու՞մ են գնահատել արվեստագետին, թող թոշակը ավելացնեն։ Պետք է մտածել արտիստների սոցիալական ապահովության մասին։ Տաղանդը կարճ ժամանակով է տրվում, մարդիկ իրենց ամբողջ տաղանդը, շնորհքը ժողովրդին մատուցում են։ Ինչ-որ ձևով պետք է փոխհատուցել այն, որ արվեստագետը ժամանակին իր կյանքը, իր տաղանդը շնորհել է բեմին։ Մտածել՝ ինչպես անել, որ այդ մարդիկ չհայտնվեն աղքատության մեջ։ Ես վաստակավոր կոչում ունեցող շատ արտիստներ գիտեմ, որոնք հիմա աղքատության շեմին են, սրա մասին պետք է մտածել, քան՝ այդ հիմար կոչումների»։

Բաբայանը համաձայն է նաև այն հիմնավորման հետ, որ արտիստի ժողովրդականությունը կոչումներով չի որոշվում. «Երվանդ Մանարյանը, որ այդքան սիրված էր ժողովրդի կողմից, մինչև 2003թ. ոչ մի կոչում չուներ։ Եթե հիմա տեսնեք վաստակավոր արտիստների ցուցակը, մեծամասնությանը չեք ճանաչի։ Երբեմն դժգոհություններ կան, թե այդ կոչումը տվել են, օրինակ, ռաբիզ երգչի, ասում են, որ դա արդար չէ։ Դա արդար չի կարող լինել, որովհետև բնույթով հիմարություն է, իսկ հիմարությունը չի կարող լինել արդար կամ անարդար»։

Անուշ Մկրտչյան