Հասարակություն

Նախորդ տարվա տնտեսական աճը առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի կարծիքով 2021 թվականի տնտեսական աճը, որն սկզբնապես ծրագրված էր 3.2 տոկոս, կազմել է 5.7 տոկոս:

ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ Խաչատրյանը հայտարարել է, թե տնտեսության աճն առավելապես պայմանավորված է եղել ծառայությունների աճով. «Աճի կեսն ապահովել են կացության և սննդի ծառայությունները: Արդյունաբերության աճի ազդեցությունը եղել է 0.8 տոկոսային կետ, շինարարության աճինը՝ 0.2 տոկոսային կետ: Գյուղատնտեսության կրճատումը բացասաբար է ազդել տնտեսական աճի վրա, ընդհանուր աճի ցուցանիշը կրճատվել է 0.2 տոկոսային կետով: Ընդ որում՝ անասնաբուծությունն աճել է, սակայն բուսաբուծության կրճատումն ավելի մեծ չափով է ազդել ընդհանուր արդյունքի վրա»:

Նախարարը նաև մանրամասնել է, որ համախառն պահանջարկի ավելացումը զգալիորեն պայմանավորված է եղել սպառման աճով: Ըստ նրա՝ հիմնական միոջոցներում կապիտալ ներդրումներն աճել են 7.7 տոկոսով: Ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալներն աճել են 16.5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 10.9 տոկոսով. «Տնտեսական վերականգնման նշված ընթացքին մեծապես նպաստել է համաշխարհային և հատկապես մեր գործընկեր պետությունների տնտեսություններում արձանագրված տնտեսական աճը»։