ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում տեղեկացրել է ՌԴ-ի հետ Լարսում լրացուցիչ մաքսակետ տեղակայելու պայմանավորվածության մասին։ Նախարարի խոսքով. «ՌԴ-ի հետ կա պայմանավորվածություն՝ Լարսում այսօրվա գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա լրացուցիչ մաքսակետ կտեղակայվի, որի թողունակությունը կլինի 170-200 մեքենա»։
Նշենք, որ տևական ժամանակ է՝ Լարսում մեծ կուտակումներ են. Մաքսակետն անցնելու իրենց հերթին են այժմ սպասում 2300-2400 մեքենա։ Բեռնատարները ճանապարհի վրացական հատվածն անցնում են 20-30 օրում՝ անհարմարություն պատճառելով ոչ միայն փոխադրողներին, այլև ռուսական ընկերություններին և սպառողներին։
Խնդրի մասին խոսել է նաև ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ընդգծելով. «Ցանկալի կլիներ մեր վրացի եղբայրները 10-20 կմ Լարսից ներքև նույնը կազմակերպեին և ոստիկանության հետ ուղեկցեին այդ մեքենաներին՝ հաշվի առնելով, որ ԵԱՏՄ շրջանակներում է լինում բեռնափոխադրումը»: