ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը 2021թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է, թե 2021 թվականին Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն աճել են՝ պայմանավորված տնտեսության վերականգնման և դրա արդյունքում հարկային եկամուտների աճով։ Նրա խոսքով, բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 1 տրիլիոն 683,8 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա համեմատությամբ աճելով 7,9 տոկոսով, իսկ ճշտված ծրագրի նկատմամբ եկամուտների կատարողականը կազմել է 99,6 տոկոս:
Ըստ Խաչատրյանի. «Եկամուտների 94,2 տոկոսը ձևավորել են հարկային եկամուտները՝ 1 տրիլիոն 587 միլիարդ դրամ չափով, ինչը 2021 թվականի համախառն ներքին արդյունքի 22,7 տոկոսն է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ հարկերն աճել են 14,6 տոկոսով՝ հիմնականում հարկման բազաների, սպառման ու ներմուծման աճի հաշվին, ինչպես նաև դրոշմանիշային վճարների ու խտանյութերի արտահանման տուրքի ներդրման արդյունքում: Տարվա հարկային եկամուտները մոտ 147 միլիարդ դրամով ավելին էին, քան սկզբնապես պլանավորված է եղել տրավ բյուջեով»։
Ինչ վերաբերում է ճշգրտված բյուջեի հարկային եկամուտների ծրագրին, ապա այն կատարվել է 100,2 տոկոսով։