Հասարակություն

Համացանցում կեղծ խաղարկություններ են կազմակերպում

Համացանցում կեղծ խաղարկությունների մասին տեղեկություններ են տարածվում, մասնավորապես, իբր «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը և «Քարֆուր Հայաստանը» 200 սառնարան են նվիրում, որոնք չեն կարող վաճառվել քերծվածքների կամ փոքր վնասների պատճառով: Այդ հայտարարություններում ասվում է, որ անհրաժեշտ է գնալ գրառման մեջ նշված հղումով, մուտքագրել անունը, որից հետո պատահականության սկզբունքով կընտրվեն հաղթողներ։ 

Radar Armenia-ի հետ զրույցում «Քարֆուր Հայաստանի» մարկետինգի բաժնի մենեջեր Արմինե Ղազարյանը նշեց՝ «Քարֆուր Հայաստանը» տվյալ խաղարկությունների հետ որևէ առնչություն չունի. «Տվյալ հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, «Քարֆուր Հայաստանի» պաշտոնական էջերից բացի որևէ այլ էջով խաղարկություն չի կազմակերպվում։ Բոլոր խաղարկությունները, որոնք կազմակերպում ենք մենք, անցկացվում են մեր պաշտոնական էջերում»։

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի կոմերցիոն տնօրեն Էմիլ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ևս հայտնեց, որ նման խաղարկությունները կամ մրցույթները կեղծ են. ««Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը դրանց հետ որևէ կապ չունի։ Բոլորը կեղծ էջեր են, ազատ Հայաստան է, ով ինչ ուզում, գրում, հրապարակում է, դժվար է այդքանի դեմ պայքարելը, բայց մենք շուտով հայտարարություն կանենք այդ մասին»։

Անուշ Մկրտչյան